Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով փաստաբանի ներկայացրած բողոքը, հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ըստ նրա՝ դա կարևոր քայլ էր Վերմիշյանի իրավունքների «զանգվածային խախտումները» վերջնականապես վերացնելու ճանապարհին։
«Հատկանշական է, որ դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը նշանակում է, որ հարցը Վճռաբեկում քննարկվելու է բացառապես պաշտապանության կողմի բարձրացված հարցերի շրջանակներում։ Իսկ մեր պահանջը մեկն է՝ արդարացում»,- մեկնաբանել է փաստաբանը։
Մարտի 4-ին Կոչուբաևն Armenia Today-ին հայտնել էր, որ 25 մլն գրավի դիմաց Վերմիշյանի կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Վերմիշյանը կալանքի տակ էր ավելի քան 4 տարի։
Նա ձերբակալվել էր 2020 թվականի փետրվարի 5-ին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել էր։ Նույն թվականի փետրվարի 27-ին կառավարության որոշմամբ Վերմիշյանն ազատվել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ 2024 թվականի նոյեմբերին Վերմիշյանը 2 դրվագով արդարացվել էր։