ՀՀ 286 քաղաքացի ահազանգել է, որ զեղծարարության միջոցով իրենց անունով բանկերում ապօրինի վարկեր են ձևակերպվել, ապրիլի 7-ին «Արդշինբանկի» մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնել է «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մհեր Կարագոզյանը։
Նա նշել է, որ բանկերից պահանջում են չեղարկել ապօրինաբար տրամադրված վարկերը։
«Քաղաքացիները մեզ դիմել են իրավական աջակցություն ստանալու նպատակով։ Մենք պահանջում ենք չեղարկել այդ վարկերը, որոնք քաղաքացիներն առհասարակ վարկ չեն ստացել։ Դրանք բացառապես օգտագործվել են ինչ-որ զեղծարարների կողմից, որոնք օգտագործել են տուժած քաղաքացիների անձնական տվյալներն ու այսպես վարկ են ստացել։ Եթե մարդու անձնական տվյալներն օգտագործել են, դա չի նշանակում, որ իրենք որևէ տեսակի վարկ են ստացել։ Հետևաբար՝ քաղաքացիները վարկեր մարելու պարտավորություն չունեն»,- ասել է ՀԿ ղեկավարը՝ շեշտելով, որ զեղծարարության զոհ դառնալու խնդրով իրենց 286 քաղաքացի է դիմել։
Նրա խոսքով՝ ՀՀ 17 բանկերից հատկապես 3՝ IDBank, «Ինեկոբանկ» և «Արդշին» բանկերում են ապօրինի վարկեր ձևակերպվել։
Կարագյոզյանը հայտնել է, որ ակցիայից հետո պատրաստվում են շարժվել Քննչական կոմիտե և պարզաբանումներ պահանջել խնդրի առնչությամբ հարուցված վարույթների վերաբերյալ։
«Արդշինբանկի» մարքեթինգային հաղորդակցությունների վարչության ղեկավար Սիրարփի Ադամյանը լրագրողներին ասել է, որ զեղծարարությունները բանկի բացթողման հետևանքով չեն։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ բանկը մտահոգված է խնդրով։
«Ամբողջ աշխարհում են նկատելի զեղծարարությունները։ Մենք ներդրել ենք երկքայլ նույնականացման համակարգ՝ զեղծարարությունների հնարավորությունն ընդհանրապես բացառելու համար։ Մենք քննել ենք մեր մասով առկա բոլոր դեպքերը և պարզվել է, որ հաճախորդն ինքն է տրամադրել իր անձնական տվյալները՝ այս կամ այն ուղղակի և անուղղակի ձևով»,- ասել է բանկի ներկայացուցիչը։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մարտին հայտարարել էր, որ վարկային խաբեությունների բոլոր դեպքերն ուսումնասիրելու են։