Քննիչը մերժել է ոստիկանների կողմից բռնության ենթարկված Տիգրան Ուլուբաբյանի գործով կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամասնել է, որ մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։
«Իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում»,- գրել է փաստաբանը։
Մարտի 17-ին Երիցյանը հայտնել էր, որ Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Ուլուբաբյանի նկատմամբ՝ հորդորելով ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Մարտի 18-ին քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով բացահայտել Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, հեռացնել նրանց աշխատանքից և ձերբակալել։ Քաղաքացիները մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեից երթով շարժվել էին ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով հրապարակել, թե ինչ իրավական գործընթաց են նախաձեռնել Ուլուբաբյանի հարցով։