6 անձանց, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարձատրություն կազմակերպելու և կաշառք ստանալու գործի շրջանակում, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ մեղադրանքի՝ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:
Նշվում է, որ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1500 դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:
«2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1500 դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1000 դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100 000 դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: