Եղիշե Կիրակոսյանն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։
Նշվում է, որ Կիրակոսյանն ազատվելու է սեփական դիմումի համաձայն՝ «ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ»։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել:
Գրասենյակից հերքել էին այս տեղեկությունը՝ նշելով, որ «գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»։
ԶԼՄ-ները գրում են, որ հրաժարականը կապված է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու Բաքվի պահանջի հետ։ 2024 թվականի սեպտեմբերին կառավարությունից ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էին Կիրակոսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։
2024 թվականի հունիսին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակն Aysor․am-ին հերքել էր տեղեկությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից»։ Անդրադառնալով միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջին՝ նրանք նշել էին, որ «այս պահին նման որոշում չկա»։