Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից և փոխհատուցում վճարի 1 մլն դրամի չափով, հայտնել է վերջինիս փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա նշել է, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ղազարյանի հասցեին:
«Ֆիդելիսի փաստաբանական թիմը, ստանձնելով Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելուն և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,- մանրամասնել է փաստաբանը:
2023 թվականին ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էր հասարակական գործիչ Ղազարյանի թեկնածությունը։ Սակայն ապրիլին խորհրդարանը ՄԻՊ-ի պաշտոնում ընտրել էր Անահիտ Մանասյանին։ Մանասյանը «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության թեկնածուն էր։ Այս պաշտոնը թափուր էր մնացել 2023 թվականի փետրվարին՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո։ Նա այդ պաշտոնում պաշտոնավարել է մեկ տարի՝ նշանակվելով 2022 թվականի հունվարի 24-ին՝ Արման Թաթոյանին աշխատանքից ազատելուց հետո։