ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բաքվին մեղադրել է հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարություններ անցկացնելու և մարդու իրավունքների միջազգային չափանիշներն անտեսելու մեջ։
«Հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները»,- ասել է նա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի իր ելույթում։
Միրզոյանը հիշեցրել է, որ անցյալ տարվանից Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չեն լուծվել, քանի որ Ադրբեջանը շարունակում է կասկածի տակ դնել նրա տարածքային ամբողջականությունը։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի 8 քաղաքական և ռազմական առաջնորդի դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
2025-ի փետրվարի 19-ին Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով ապօրինի դատավարության դեմ։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել նաև 2024-ի ապրիլին՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և մյուս հայ գերիներին։ Ընտանիքի հորդորից հետո նա դադարեցրել էր հացադուլը։