Դատարանի որոշմամբ՝ պետությանը վերադարձված Range Rover-ը պատկանել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային, գրում է Armlur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փետրվարի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել Range Rover Sport Suoercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա։
«Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկն իրոք հատիկ առ հատիկ է»,- գրել էր Փաշինյանը:
Ըստ կայքի՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել ՀՀ-ին սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։
2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել էր պետգույքի վարչությանը, որը 14 ամիս հետո որոշել էր այդ գույքն աճուրդի հանել։