Ոստիկանությունը պարզել է «Երևան ավտոբուս»-ի վարորդների հետ վիճած երիտասարդներից երկուսի ինքնությունը, հայտնել է ՆԳՆ-ն։
Նուբարաշենի բաժնում հաղորդում տված վարորդը տեղեկացրել է, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 7։40-ի սահմաններում, Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող ավտոբուսների վերջնակետում ուղեվարձը չվճարելու պատճառով իր հետ վեճի է բռնվել երեք անծանոթ երիտասարդ, որոնցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածք։
Ընկերության մեկ այլ վարորդ, նկատելով գործընկերոջ հետ վիճաբանությունը, միջամտել է և նույնպես ստացել մարմնական վնասվածք։
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո վարորդը ենթարկվել էր բռնության։
Երևանցիները փետրվարի 1-ից բոյկոտում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից 150 դրամ թանկացումը։
2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից։ Փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետարանն ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։