Հայաստանում կիբերհանցագործությունների թվի աճ է գրանցվել, խորհրդարանում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա տվյալներով՝ եթե 2023 թվականին համակարգչային հափշտակությունների թիվը շուրջ 630 էր, ապա 2024 թվականին գրանցվել է մոտ 800 նման դեպք։
Նման հանցագործությունների դեմ պայքարում Սարգսյանը կարևորել է քաղաքացիների իրազեկումը` նշելով, որ հաճախ դրամական միջոցներ հափշտակելու համար բավական է, որ քաղաքացին իր տվյալները տրամադրի հանցագործներին։
«Երբ խոսում ենք համակարգչային հափշտակությունների մասին, այստեղ շատ կարևոր է նաև անձանց մոտ գիտելիքների, հմտությունների առկայության բաղադրիչը, որովհետև այստեղ օպերատիվ աշխատանքն ուղղակի անելիք չունի»,- ասել է Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ հունվարից գերատեսչությունն սկսել է քաղաքացիներին իրազեկող հոլովակների շարքը, որը կոչվում է «Կիբերմարտահրավեր»:
«Հոլովակներում ՆԳՆ քրեական ոստիկանության կիբերհանցավորության դեմ պայքարի վարչության պետն անդրադառնում է տարբեր թեմաների, որպեսզի կարողանանք հընթացս ձևավորել այն գիտելքիների մակարդակը, որը թույլ կտա մեր քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ այդպիսի պրոցեսներից և համացանցում կամ առհասարակ տարբեր անձանց հետ շփումներում գործել ավելի անվտանգ»,- հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։