Հայաստանի քննչական կոմիտեն 2 ամսով կալանավորել է մի քաղաքացու՝ հունվարի 26-ին Երևանի Vibe սրճարանում տրանսգենդեր տիկտոկերի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ով է ձերբակալվել։
Խոսնակը նշել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով (Ֆիզիկական ներգործություն մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով):
Armenia Today-ին հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացի և տրանսգենդեր բլոգեր «Ռիժուլյա» մականունով Կիրիլ Աթաևը Զաքյան փողոցի Vibe սրճարանից Tik Tok հարթակում ուղիղ եթերում հայհոյել է հայերին, որից հետո հեռարձակումը դիտող քաղաքացիները մտել են սրճարան և սկսվել է ծեծկռտուք։
Հունվարի 28-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ եթերի ընթացքում տիկտոկերը «սեքսուալ բնույթի հայհոյանքներ» է հնչեցրել, այդ թվում՝ վիրավորել հայերին և խաթարել սրճարանի բնականոն գործունեությունը, որից հետո սրճարան էին մտել 6-7 երիտասարդ և ծեծել բլոգերին, ինչի հետևանքով վնասվել էր սրճարանի գույքը: Ըստ կայքի՝ ոստիկանները բերման էին ենթարկել 22-ամյա Աթաևին և տարել բաժին։
Ինստագրամի հայ բլոգեր Լևոն Բադալյանի տեղեկություններով՝ «Ռիժուլյա» մականունով TikToker-ը կապեր ունի ադրբեջանցի «վատագույն բլոգերներից մեկի՝ Քամրանի հետ և անընդհատ ծաղրում է հայերին։ Ըստ Բադալյանի տեսանյութի, «Ռիժուլյան» հաճախ իրավիճակներ է հրահրում ու հայտնվում ոստիկանական բաժանմունքներում, որտեղից էլ կրկին ուղիղ հեռարձակում է իրականացնում։