ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է հայկական երկու լրատվամիջոցի դեմ դատական հայցեր ներկայացնելու որոշման մասին՝ իրեն վերագրվող «հակառուսական հայտարարությունների» պատճառով։
Առաջին հայցը, ըստ խորհրդարանի նախագահի, ուղղված կլինի «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ «Եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից»,- հավելել է Սիմոնյանը:
Թերթը գրել էր, որ Սիմոնյանը Բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»: Հունվարի 28-ին Սիմոնյանի մամուլի խոսնակը հերքել էր այդ հրապարակումը։
Սիմոնյանը նշել է, որ այդ թեմայի շուրջ ինքն ամեն ինչ ասել ու արել է հրապարակային։
ԱԺ նախագահի երկրորդ հայցը «Մեդիահաբ» լրատվականի դեմ է, որի լրագրողը, ըստ Սիմոնյանի, իր «անձին անդրադառնալու հիվանդագին տարվածություն ունի»։ Լրատվամիջոցը գրել էր, որ հակառուսական հայտարարությունների պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Սիմոնյանի գլխին, զայրացել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը: