Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հափշտակել են ավելի քան 810 մլն դրամի ֆինանսական միջոցներ, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Գերատեսչությունից նշել են, որ հանցավոր կազմակերպության անդամներն ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 810 մլն 71 հզր 577 դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու և օգտագործելու իրական հնարավորություն:
Կապ հաստատելով հիմնականում եվրոպական երկրների բնակիչների հետ և ներկայանալով որպես արհեստական բանականությամբ գործող հեղինակավոր ու մեծ եկամուտներ ապահովող միջազգային ներդրումային ընկերության աշխատակիցներ՝ նրանք կատարել են համակարգչային հափշտակություններ, հստակեցրել են ՔԿ-ից։
ՔԿ տվյալներով՝ կազմակերպության մեջ ներգրավվել են ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ՝ առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ:
«Հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և ուղղորդել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր, սոցիալական ցանցերում իրականացրել են գովազդներ, վարձակալել են գրասենյակային տարածքներ, հաճախակի ստեղծել և փոփոխել են մտացածին ընկերությունների անվանումները և դրամական փոխանցումներ կատարելու համար կիրառվող բանկային հաշվեհամարները, կիրառել են արտասահմանյան վիրտուալ հեռախոսահամարներ։ Կազմակերպության անդամները տուժողներին մոլորեցնելուց և նրանց վստահությունն ամրապնդելուց հետո վերջիններիս ուղղորդել են տարբեր չափերի գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին»,- ասված է ՔԿ հայտարարության մեջ։
Հանցավոր կազմակերպության մեկ ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով)։
Հանցավոր կազմակերպության մեկ այլ ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Խմբի 16 անդամի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։