Դատարանը երկրորդ անգամ մերժել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի կալանքի միջնորդությունը, Armenia Today-ին հայտնել է իրավապաշտպան Վարդուհի Սարգսյանը։
Սարգսյանն Armenia Today-ին մանրամասնել է, որ Գալստյանը հունվարի 11-ին կենցաղային վեճի մեջ էր հայտնվել և նրան մեղադրանք էին ներկայացրել ՔՕ 195 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն, պատժվում է ազատազրկմամաբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով) և 297 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) նախատեսված արարք կատարելու մեջ։
«Թեև իմ պաշտպանյալին մեղադրում են խուլիգանության և խմբի կազմում ֆիզիկական ներգործություն ունենալու մեջ, սակայն տեսագրություններում պարզ երևում է, որ նա հեռու էր միջադեպից և դրան չի մասնակցել»,- նշել է փաստաբանը։
Սարգսյանի խոսքով՝ դատարանի մերժումից 5 օր անց կրկին կալանքի միջնորդություն ներկայացնելը վկայում է այն մասին, որ անձին կալանքի տանելու միտում կա։ Ըստ նրա՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը մեղադրյալի նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն։
Հունվարի 19-ին Գալստյանը մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ էր ձերբակալվել: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալումը դատարանը երկու անգամ ճանաչել էր ոչ իրավաչափ, և ձերբակալվածին ազատել: