Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության մասին արված հայտարարությունները, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ-ն հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին Սողոմոնյանը ՀՖՖ-ի և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի վերաբերյալ արել էր «մի շարք զրպարտող և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ»։ ՀՖՖ և Արմեն Մելիքբեկյանի կողմից հայցադիմում էր ներկայացվել դատարան։
2024 թվականի դեկտեմբերի 26-ին դատարանը վճռել է Սողոմոնյանից հօգուտ հայցվորների բռնագանձել 800.000 ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։
ՀՖՖ-ն նախատեսում է բռնագանձվող գումարով գնդակներ նվիրաբերել Սյունիքի մարզի դպրոցներին։
2024թ․ սեպտեմբերին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուսաստանաբնակ գործարար Սողոմոնյանը հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին: Իր որոշման գլխավոր պատճառը նա համարել էր ՀՖՖ-ի կողմից իրականացվող հետապնդումը:
2023թ․ ապրիլին Սողոմոնյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ՀՖՖ քաղաքականությունը հայկական ֆուտբոլում դավաճանություն էր անվանել։ Նրա խոսքով՝ իրենց ամեն որոշում ուղղված է հայկական ֆուտբոլն էլ ավելի ոչնչացնելուն։