Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատված Ջրային կոմիտեի նախագահ, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել կոմիտեում հայտնաբերված խախտումների և քաղաքապետի պաշտոնում «պաշտոնեական դիրքի չարաշահման» համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում նրա նկատմամբ գործընթաց է սկսվել։
«Մի քանի օր առաջ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը Փաշինյանի սեղանին է դրել Կոտայքի մարզպետարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Դրանք վերաբերել են մարզպետարանում 2021-2023թթ. հատկացված պետական միջոցների կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը։ Վերահսկողությունն իրականացվել է սուբվենցիոն ծրագրերի, ինչպես նաև համայնքներին պետական բյուջեից տրամադրված դոտացիաների մասով»,- ասված է հրապարակման մեջ։
Գևորգյանը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր դեկտեմբերի 20-ին։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի դեկտեմբերից։ 2015-2021թթ․ զբաղեցրել էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։
Դեկտեմբերի 26-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Գևորգյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Խոսնակը չէր հստակեցրել, թե ինչ հոդվածով է մեղադրանքը և ասել էր, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել։