ՀՀ վարչական դատարանն անվավեր է ճանաչել Երևանի ավագանու կողմից ընդունված և 2024թ․ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանված դրույքաչափերը, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել, և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։
Կոստանյանը նաև հավելել է, որ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն՝ «անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։
Կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական հայցը ներկայացրել է «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի, հայտնել է «Մայր Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ էին մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ: