Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սուրիկ Խաչատրյանի նախագահությամբ, Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող՝ նույն կառույցի աշխատակից Հայկ Գալոյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժել է՝ առանց խափանման միջոց կիրառելու, Armenia Today-ին հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հուլիսի 3-ին Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն Armenia Today-ին հայտնել էր, որ քննիչները խուզարկություններ էին կատարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի վարչական շենքում, կան ձերբակալվածներ։
Ըստ Կոչուբաևի՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժվել է, քանի որ դատարանը «ռիսկայնության ցածր մակարդակ է արձանագրել»։
«Իմ պատշպանյալն, ըստ էության, գործարքի մաս չէ։ Նա պարզապես թերի է կատարել իր աշխատանքը, երբ 69 միլիոն դրամի փոխանցում է իրականացվել։ Այդ փոխանցումն ընդունել է քաղաքապետարանը»,- ասաց Կոչուբաևը։
Ըստ «Հրապարակ»-ի՝ թաղապետարանի ձերբակալված ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մերձավորներն են։