Ապրիլի 15-ին 2 անձ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն, Armenia Today-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ հաստատելով իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տեղեկությունը, ըստ որի՝ բերման է ենթարկվել «Անտիֆեյք» լրատվական կայքի երկու աշխատակից։
Ոստիկանությունից հայտնել են, որ 2 անձանց բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգքրի 182-րդ հոդվածով նախատեսված արարաքի համար։ Նշենք, որ 182-րդ հոդվածը վերաբերում է hասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն, որը պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։
Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե մասնավորապես ի՞նչ արարքի համար են բերման ենթարկել լրատվականի աշխատակիցներին, միայն հայտնեցին, որ այս պահին արձանագրություն է կազմվում։
Մելիքյանը գրել է, որ իր նախնական տեղեկություններով, պատճառն «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմանդիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին և փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդմանը վերաբերող թռուցիկներ փակցնելն է։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են։