Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փետրվարի 17-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է shamshyan.com-ը: Ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել 2 տղամարդու։
Կայքի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի բնակիչներ 23-ամյա Զավեն Ն․-ն, 24-ամյա Ռոբերտ Կ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 22-ամյա Սիմոն Ա․-ն, 22-ամյա Կարեն Ս․-ն, 21-ամյա Ալբերտ Մ․-ն և 21-ամյա Ռաֆիկ Շ․-ն վիճաբանել են նույն մարզի բնակիչներ Արման Հ․-ի, Ժորա Հ․-ի, Արթուր Հ․-ի և Վայոց ձորի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հ․-ի հետ, որի ընթացքում մոտ 15 րոպե տևողությամբ նշված անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ Արման և Ժորա Հ․-երին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կռվի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող ատրճանակից կրակոց է արձակել դեպի օդ։
Հայտնում են նաև, որ միջադեպի 6 մասնակիցներ քննիչի որոշմամբ ձերբակալվել են: Դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):