Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի եպիսկոպոս Կորյուն Բաղդասարյանն իրեն զրպարտելու համար հայց է ներկայացրել Runa Capital ընկերության ներկայացուցիչ Դենի Ռոթմանի (Ռուբինշտեյն) դեմ, հայտնել է պատրիարքարանի մամուլի ծառայությունը:
2023 թվականի նոյեմբերին Բաղդասարյանին վերագրվող հայտարարության համար Ռոթմանը բողոք է ներկայացրել ոստիկանություն։ Նշվում է, որ, իբր, եպիսկոպոսն այդ հայտարարությունն արել է նոյեմբերի 5-ին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հատվածում, որի նկատմամբ հավակնություններ ունի Xana Capital-ը։ Թե ինչում է Ռոթմանը մեղադրել Կորյուն Բաղդասարյանին, պատրիարքարանը չի հստակեցնում։ Ավելի ուշ Բաղդասարյանին այդ հարցով կանչել են ոստիկանական բաժանմունք։
«Չնայած պարոն Դենի Ռոթմանի՝ 2023 թվականի նոյեմբերի 5-ին Կորյուն եպիսկոպոսի հետ խոսելու մի քանի փորձերին, նա ոչ մի անգամ նրա հետ խոսքեր չի փոխանակել»,- հայտարարել է պատրիարքարանը:
Նշվում է, որ հենց այդ օրն ընկերության ներկայացուցիչները զինված հրեա վերաբնակիչների հետ ներխուժել են թաղամաս՝ այնտեղից հայերի հեռանալու պահանջով։
«Վերադարձեք ձեր պաղեստինցի ընկերների մոտ»,- պատրիարքարանի փոխանցմամբ՝ հայ քահանաներին ասել է Ռոթմանը։
Ծայրահեղական Ateret Kohanim կազմակերպությունը (թարգմանաբար՝ «Քրմերի թագը») ձգտում է հուդայականացնել Երուսաղեմի ողջ Հին քաղաքը հայկական, քրիստոնեական և մահմեդական թաղամասերի՝ Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասերի տարածքների ձեռքբերման միջոցով։
2005 թվականին նա ձեռք էր բերել Հունական ուղղափառ պատրիարքարանի սեփականությունը, ինչը հանգեցրել էր Իրենեոս պատրիարքի վտարմանը վիճահարույց գործարքում նրա մասնակցության պատճառով: Ըստ կազմակերպության կայքի՝ այն պարտավորվել էր «վերադարձնել Իսրայելի մայրաքաղաքում գտնվող հրեաներին պատկանող գույքը և վերականգնել հրեական թաղամասերը Հին քաղաքի և նրա հարակից տարածքների սրտում»:
Նոյեմբերի 5-ին Xana Capital ընկերության ներկայացուցիչները զինված հրեա վերաբնակիչների հետ ներխուժել էին Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի այգի» հատվածի տարածք՝ պահանջելով, որ հայերը հեռանան այնտեղից։ Իսրայելցի փաստաբան Դանիել Սայդեմանը հայ ակտիվիստների դեմ վերաբնակիչների ագրեսիայի ֆոնին իսրայելական ոստիկանության անգործությունը անվանել էր «կառավարական նախագիծ»։ Նա հայտարարել էր նաև իսրայելցի վերաբնակիչների կողմից Երուսաղեմի հրեական թաղամասը հայկական տարածքների հաշվին ընդարձակելու փորձի մասին։ Նման հարձակումները պարբերական բնույթ են կրում։
2023-ի հունիսին տեղի ակտիվիստ Հակոբ Ջերնազյանը BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող հայկական թաղամասի մի մասը 99 տարով վարձակալության է տրվել «հրեական ծագումով ավստրալացի խորհրդավոր գործարարին՝ էլիտար զարգացման համար»։