ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Աբովյանի ճանապարհին գտնվող առանձնատունը դատախազությունը համարում է ապօրինի և պահանջում է բռնագանձել հօգուտ պետության, գրում է «Լուրեր»-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանը Ծառուկյանի, նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված մյուս 4 անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ընդունել է վարույթ, հօգուտ պետության դատախազությունը պահանջում է բռնագանձել միլիարդավոր դրամներ, հարյուրից ավելի շարժական ու անշարժ գույք:
Մասնավորապես՝ դատախազությունը Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռք բերման արժեք՝ մոտ 348 մլն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 մլն դրամ, 79 անշարժ գույք և 10 անշարժ գույքի շուկայական արժեք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր: