Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպում է ունեցել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Սևանի ավազանի ափամերձ տարածքների ապօրինի կառուցապատման առկա վիճակը։
Նախարարը դիտարկումներ է արել ձկնագողության դեմ պայքարի միջոցների վերանայման, խստացման և արդյունագործական ձկնորսության կազմակերպման գործող կարգի վերամշակման հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ ըստ «Հետք» լրատվականի հրապարակման՝ նշված տարածքը փաստացի օգտագործողը` անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մելքումյանը, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է և չունի կառուցապատման թույլտվություն: Կայքի հարցմանն ի պատասխան՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Մելքումյանը դիմել է անտառմաքրման աշխատանքներ կատարելու համար, սակայն տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ հետայսու նմանատիպ տարածքները տնտեսվարողներին պետք է տրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։