Քննչական կոմիտեի վարույթում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ մինչ այժմ քննվել է 10 քրեական գործ։
Ըստ ՔԿ մամուլի հաղորդագրության՝ արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:
Քննչական կոմիտեի վարույթում արտակարգ դրություն հայտարարելու պահից քննվել է 10 քրեական գործ, որից 4-ը՝ մարզային քննչական վարչություններում, 6-ը՝ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում:
«ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող նշված քրեական գործերով 9 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ կիրառվել է գրավ, ևս մեկի նկատմամբ՝ ծնողի հսկողությանը հանձնելը, 1 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ»,-հայտնում են կոմիտեից։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորել է հետամուտ լինել պարետի որոշումների պատշաճ կատարմանն ու ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։