ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018 թթ․ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված հայտարարվել է նախաքննությունն ավարտ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
Մասնավորապես պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բ․Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին և գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով ՀՀ սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ 2019 թ. սեպտեմբերին ստեղծել է կազմակերպված խումբ, որն իրականացրել է Բ․ Դ․-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս․-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Նշվում է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։