Կիպրոսում շարունակվում է պայքարը Լիմասոլի հյուսիսում բռնկված անտառային խոշոր հրդեհի դեմ, երկու մարդ զոհվել է, հայտնում է Euronews-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 23-ի երեկոյան Մոնագրի-Ալասսա ճանապարհին ամբողջովին այրված մեքենայում գտել են երկու զոհվածի դի: Եվս երկու տուժած ծանր այրվածքներով տեղափոխվել է Նիկոսիայի գլխավոր հիվանդանոցի այրվածքների կլինիկա: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։
Նշվում է, որ անոմալ շոգի առաջին օրը հրդեհի պատճառով տարհանվել է առնվազն չորս գյուղ։ Հրդեհը ոչնչացրել է տներ և ավտոմեքենաներ, փրկարարները շարունակում են աշխատանքը:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Անդրեաս Քեթիսը հայտարարել է, որ հրդեհի ակտիվ տարածք չկա: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ սպասվում է քամու ուժգնացում, և բարձր ջերմաստիճանի հետ միասին իրավիճակը կարող է կրկին ծայրահեղ վտանգավոր դառնալ:
Հիշեցնենք, որ հրդեհների հետևանքով հուլիսի սկզբներին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև հունական Կրետեում։