Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով մատակարարվող նավթում հայտնաբերվել են օրգանական քլորիդներ։ Այս միացությունները կիրառվում են նավթի արդյունահանման ծավալներն ավելացնելու համար, հայտնում է Bloomberg-ը։
BTC Co. ընկերությունում հայտնել են, որ տեղեկացվել են հնարավոր որակի խնդրի մասին, որը կապված է BTC նավթամուղով մատակարարվող նավթի որոշ խմբաքանակներում հայտնաբերված օրգանական քլորիդների հետ։
Միաժամանակ, BP-ն նշել է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե ամբողջ նավթին, այլ միայն առանձին խմբաքանակների։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նման միացությունները բարձր կոնցենտրացիաներում կարող են վնասել սարքավորումները և խափանումներ առաջացնել վերամշակող գործարաններում։
Խնդրի մասին հայտնել է նաև իտալական Eni SpA ընկերությունը։
«Աղտոտվածությունը հայտնաբերել ենք ներքին փորձարկումների ընթացքում։ Այժմ մեր համակարգ մուտք գործող նավթն անցնում է պատշաճ վերամշակման և վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի, առողջության կամ անվտանգության համար»,- ասել է Eni SpA-ի ներկայացուցիչը։
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն օգտագործվում է ադրբեջանական նավթը Թուրքիա արտահանելու համար։ Նույն երթուղով նաև Ղազախստանն է իրականացնում իր մատակարարումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանում հայտնաբերվել էր երկրի պատմության մեջ խոշորագույն և Եվրոպայի խոշորագույններից մեկը համարվող նավթահանք։