Հուլիսի 19-ին Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Գերատեսչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է ժամը 09։56-ին։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
«Հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակում, ինչի հետևանքով հարկի բնակարանները ծխապատվել են։ Փրկարարները բացել են երկու բնակարանների դռները և տարհանել 8 քաղաքացու. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել: Շենքի այլ հարկերից տարհանել են ևս 15 բնակչի»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10:41-ին, մարվել՝ 11:05-ին։ Այրվել են էլեկտրական հաշվիչների վահանակը, խորդանոցը՝ կենցաղային իրերով և երկու բնակարանների դռները։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարաններ։