Հունվարի 12-ին Լոռու մարզում՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու Toyota Prado մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 12 մարդ է տուժել, գրում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ վիրավորներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
«Բախման հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել «Վանա» ալյուրի խանութի մեջ՝ խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս»,- մանրամասնել է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրավապահները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։