Առողջապահության նախարարությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվ է մշակել, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականին:
Ըստ հրապարակման՝ հետազոտությունները մատնանշում են բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման կապը ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև: Նշվում է, որ Հայաստանում երեխաների շրջանում դիտվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում:
Հետևաբար նախարարությունը վերանայել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նորմատիվը` բարելավելով երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը: Արդիականացվել են սննդանյութերի և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը, ավելացվել է ամբողջահատիկ պարունակող սնունդ, շաքարի միջին օրաբաժինը նվազեցվել է ավելի քան 2 անգամ: Թույլատրվում է օգտագործել ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք, որպես խորտիկ տրամադրել բանջարեղեն և միրգ` առանց ավելացված շաքարի:
Նախարարությունը կարգելի կրեմային հրուշակեղեն, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերք, շոկոլադ, շոկոլադապատ արտադրանք, աղանդեր (բացառությամբ` յոգուրտի կամ մրգային հիմքով աղանդերի, որոնք պարունակում են առնվազն 50% միրգ), կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում` թեյ)։
Բացի այդ՝ նվազեցվել է օգտագործվող աղի քանակը. միջին օրաբաժինը` ավելի քան 2 անգամ, իսկ ցանկացած այլ համեմունք թույլատրվում է տրամադրել սահմանափակ չափաբաժիններով: Ավելացվել են թարմ մրգերի, հատապտուղների, բանջարեղենի, մշակաբույսերի, այդ թվում` չորամրգերի առկայությունը սննդակարգում, տեղեկացրել է գերատեսչությունը։