Ազատության հրապարակում Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար հացադուլ հայտարարած քաղաքացիները բժշկական պրոֆիլակտիկ զննության են ենթարկվում, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Հացադուլ հայտարարած «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին միացել են Վարդան Ավագյանը, Արտավազդ Արարատյանը և Արտակ Չիբուխչյանը, հավելել է մեր թղթակիցը։
Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ էր հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում պահվող Վարդանյանի և մյուս հայ գերիների:
Մարտի 5-ին «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Թանդիլյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ավելի ուշ նա վերադարձել էր Ազատության հրապարակ։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։
Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։
Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։