Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանից վերադարձած Ադրբեջանի ևս երկու քաղաքացու մոտ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը՝ հղում անելով երկրի կաբինետի ներքո գործող օպերատիվ շտաբին:
Ըստ տեղեկությունների՝ այժմ նրանք գտնվում են հատուկ ռեժիմով հիվանդանոցներում, իրենց նորմալ են զգում, և նրանց վիճակը կայուն է: Հաղորդվում է, որ անհրաժեշտ բուժումից հետո հիվանդանոցից դուրս են գրվել Ադրբեջանի երեք քաղաքացի, որոնց մոտ նախկինում կորոնավիրուսով էր ախտորոշվել:
Գործակալությունը նշում է, որ 10 հոգի ներկա պահին հիվանդանոցում ստանում է կորոնավիրուսի բուժում: Նրանցից 8-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի և Գերմանիայի:
Նաև Ադրբեջանի Նախարարների կաբինետը չեղյալ է հայտարարել մարտի երրորդ տասնօրյակում Նովրուզի տոնակատարությունները: Այդ արգելքը վերաբերում է Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում տոնակատարություններին:
Վրաստանում ևս հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է մինչև 23-ի:
«Վարակվածների թիվը 23-ն է, կարանտինային ռեժիմում է 126-ը, հսկողության տակ՝ 46 մարդ», – գործակալությունը մեջբերում է կառավարության կողմից ստեղծված հիվանդության մոնիտորինգի հատուկ կայքում տեղադրված հաղորդագրությունից: