COVID-19-ի ախտորոշման հայկական արտադրության 6000 լաբորատոր թեստերը պատրաստ են:
Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սպասում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական գրությանը, որից հետո COVID-19-ի հայկական արտադրության 6000 լաբորատոր թեստերը կտրամադրեն Առողջապահության նախարարությանը, իսկ վերջինս՝ ախտորոշիչ լաբորատորիաներին:
Այս մասին այսօր «Արմենպրես»ում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ինտիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
Նա նշեց, որ օրական կարող են արտադրել 2000 թեստ, սակայն անհրաժեշտության դեպքում կկարողանան ընդլայնել արտադրության ծավալները:
Անդրադառնալով թեստերի որակին՝ Առաքելյանը նշեց, որ նեղ լաբորատոր փորձարկումների արդյունքում՝ ներկրված թեստերի հետ համեմատած՝ ստացել են 98-100% ճշտություն:
Խոսելով թեստերի արժեքի մասին, Առաքելյանը նշեց, ՀՀ Կառավարությունից ստացել են 250․000 ԱՄՆ դոլարի նյութեր, որպեսզի մատակարարեն 100․000 թեստ, այսինքն 1 թեստի արժեքը՝ 2.5 դոլար է:
Ինչ վերաբերում է հայտարարված 500․000 դոլարին, այս պահին օգտագործել են մի մասը, եթե կարիք լինի, 100-120 հազար թեստ կկարողանան ապահովել մնացած գումարով:
Արսեն Առաքելյանը նշեց, որ արտադրված թեստերի գինն էապես ցածր է այլ երկրների հետ համեմատած. մեկ թեստի արժեքը 2․5 ԱՄՆ դոլար է, իրենց հետազոտություններով՝ շուկայում մեկ թեստի միջին արժեքը 10 դոլար է։
«Իհարկե, կարելի է հաշվի առնել, որ թեստերի մի մասը Հայաստանին նվիրել են, մի մասը՝ տվել ավելի մատչելի գնով, բայց ինձ չի թվում, թե 2․5 դոլարից ավելի մատչելի տարբերակներ կան, եթե դա իհարկե նվեր չէ»,- ասաց Առաքելյանը։