Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է կրակ բացելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», – ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է սահմանային իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, որոնք հայկական կողմը հերքում է։ Ավելին՝ ադրբեջանական զինուժն ինքն էր խախտել հրադադարը. մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ էր բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տուն։ ՔԿ-ն քրվարույթ էր հարուցել: Ապրիլի 20-ին վնասվել էր Խնածախի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։
Մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների մասին տեղեկություններ է փոխանցել: Մայիսի 8-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էր բնակելի տան տանիքը: