ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հայկական կողմի դիմումի կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ միացյալ շտաբի հետ համատեղ կազմակերպել է իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ քարտուղարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ 2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական բախումներ են տեղի ունեցել ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: ՀԱՊԿ քարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում։
Նշվում է, որ հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդները և պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում:
»Բարձր ենք գնահատում սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 9: 00-ից սկսած, շփման գծում հրադադարի պահպանման գործում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- նշված է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի քարտուղարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: