Երևանի բնակիչներն ամփոփել են 2024 թվականը, խոսել ձեռբերումների և բացթողումների մասին։ Ամփոփելով տարին՝ մեր համաքաղաքացիների մեծամասնությունն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում 2024 թվականը բարդ տարի է անվանել։ Մյուսներն էլ հույս են հայտնել, որ 2025 թվականն ավելի լավը կլինի։
«Կարծում եմ՝ 2024 թվականին լավ չէր։ Շինծու օրենքներ ընդունվեցին, որոնք չեն համապատասխանում մարդկանց աշխատավարձին»,- նշել է հարցվածներից մեկը։
Քաղաքացիները հույս ունեն, որ կառավարությունը կկարողանա զսպել թանկացումները։
«2024թ․ ոչ մի արտառոց բան տեղի չունեցավ, բացի վատից, թանկացումներից։ Երկրի համար 2020 թվականից այս կողմ ոչ մի լավ բան չկար»,- ասել է հարցվողներից մի կին։
Հարցման մյուս մասնակիցները հուսով են, որ անվտանգության մակարդակը կբարձրանա և մարդկանց կյանքի որակը կբարելավվի։
«2024թ․ համեմատաբար ավելի հանգիստ տարի էր, ավելի խաղաղ՝ չհաշված այն ծանր տարիները, որ ապրեցինք մինչև 2024-ը։ Ինձ համար նաև ձեռքբերումների տարի էր՝ նոր գործնական առաջարկներ ստացա, նոր աշխատանք գտա։ Կցանկանայի ավելի անվտանգ, ապահով և բարեկեցիկ երկիր կառուցենք»,- ասել է նա։
Սիրիայից ժամանած հայը, մասնակցելով հարցմանը, խաղաղություն է մաղթել Հայաստանին ու իր երկրին։
«Ես սիրիահայ եմ, Հայաստանում շատ չեմ լինում, մտահոգ եմ Սիրիայի այս իրադարձություններով։ Մասնագիտությամբ բժիշկ եմ, քաղաքականությամբ առանձնապես չեմ հետաքրքրվում, բայց ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, քանի որ որպես ազգ՝ արժանի ենք ամենալավին։ Ուզում եմ ժողովրդի դեմքին ժպիտ վերադառնա»,- նշել է նա։