Ուկրաինան առաջին անգամ պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ գազի ներմուծման համար։ Փորձնական մատակարարումը փոքր ծավալով է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ հայտնել է «Ուկրաինայի Նաֆտոգազ» ընկերության վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն քննարկել էր Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ գազի մատակարարումների հնարավորությունները։
«Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ է ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ Գազի գնումների վերաբերյալ առաջին պայմանագիրն է կնքվել SOCAR խմբի ընկերության՝ SOCAR Energy Ukraine-ի հետ։ Փորձնական մատակարարումն իրականացվում է Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինայի սահման երթուղով։ Չնայած ծավալը մեծ չէ, սա ռազմավարական նշանակության քայլ է, որը ճանապարհ է հարթում երկարաժամկետ համագործակցության համար»,- գրել է Կորեցկին Ֆեյսբուքում:
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Կուչերենկոն հունիսի 9-ին հայտնել էր, որ Ուկրաինան այս ձմռանը կարող է բախվել իրական գազի պակասի խնդրի։ Ջեռուցման սեզոնը բարեհաջող անցնելու համար անհրաժեշտ է ևս մոտ 10 միլիարդ խորանարդ մետր վառելիք։