Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել, հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՍԱՏՄ-ի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից հայկական ծաղկի ջերմոցային տնտեսություններում անցկացված համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումների արդյունքում 5 կազմակերպության (մոտ 18 հեկտար) ծաղիկներ կարող են արտահանվել ՌԴ։
Ընդհանուր առմամբ՝ 14 ընկերության ծաղիկների արտահանում է արտոնված։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն էին առաջացրել ծաղիկների արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների մոտ, որոնք հուլիսի 9-ին և հուլիսի 14-ին բողոքի ակցիաներ էին անցկացրել՝ պահանջելով խնդրին լուծում տալ։ Ծաղկեգործներից մեկը նաև հայտարարել էր, որ հայկականի անվան տակ թուրքական ու պարսական ծագման ծաղիկներ են արտահանվել ՌԴ։
ՍԱՏՄ գրասենյակում հուլիսի 15-ին տեղի էր ունեցել փակ հանդիպում դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն հերքել էր տարածվող լուրերը, թե ծաղիկ արտահանող տնտեսվարողներն այլ երկրներից ծաղիկներ են ներմուծում Հայաստան ու դրանք վերաարտահանում Ռուսաստան։