Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ։
Նախագծի համաձայն՝ ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք՝ բրոքերներ և դիլերներ, կկարողանան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների բորսաներ և ձեռք բերել այնտեղ շրջանառվող արժեթղթեր և ածանցյալ գործիքներ՝ ինչպես ՀՀ ռեզիդենտ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների ռեզիդենտ հաճախորդների համար։
Նախագծի նպատակն է ստեղծել հնարավորություն նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների բրոքերների և դիլերների համար՝ մասնակցելու ՀՀ բորսայում կազմակերպվող առևտրին և այդ կերպ նպաստել ներդրումների ներգրավմանը ՀՀ արժեթղթերի շուկա։
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ ոչ ռեզիդենտ բրոքերները և դիլերները ԵԱՏՄ տարածքում կկարողանան առանց միջնորդների մասնակցել անդամ պետությունների բորսաներում կազմակերպվող սակարկություններին։
Կառավարությունը փաստում է, որ համաձայնագրի կնքումը բխում է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկա ստեղծելու ռազմավարական նպատակից և համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում և «Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի» համապատասխան հատվածներում նշված նպատակներին։