«Վիվա Արմենիա» կապի օպերատորը նախատեսում է ձեռք բերել GNC Alfa հեռահաղորդակցության ընկերությունը: Համապատասխան հարցն ընդգրկված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 2-ին կայանալիք նիստի օրակարգում:
Գործարքի հաստատման վերաբերյալ ՀԾԿՀ որոշման նախագծում ասվում է, որ GNC Alfa-ն հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու հայտ, որի համաձայն՝ ընկերության կանոնադրական կապիտալը կազմող 100% բաժնետոմսերը նախատեսում է ձեռք բերել «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն:
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ԱԱԾ-ն ՀԾԿՀ-ին տեղեկացրել են գործարքի վերաբերյալ առարկություններ չունենալու մասին:
GNC Alfa ինտերնետ-պրովայդերը հիմնադրվել է 2007 թվականին և մատուցում է լայնաշերտ ինտերնետի և հեռախոսակապի ծառայություններ: Մինչև 2024 թվականն ընկերությունը «Ռոստելեկոմ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունն էր։
2021 թվականի նոյեմբերին հաղորդվել էր, որ «Ռոստելեկոմը» վաճառքի է հանել GNC-Alfa-ն, իսկ մատակարարի հավանական գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է։