Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում թվարկել է, թե Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ինչպե՞ս կազդի ՀՀ տնտեսության վրա։
Նա նշել է, որ դա կհանգեցնի Ռուսաստան ուղիղ չվերթերի փակմանը (2022 թվականին Բրյուսելը փակել էր ԵՄ երկինքը ռուսական ավիաընկերությունների համար-AT)։
«Սա կբարդացնի հարազատների մոտ ուղևորությունները, և կնվազեցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը»,- նշել է նա։
Ըստ Օվերչուկի՝ բեռնափոխադրողներն ստիպված կլինեն սահմանին վերամիավորել բեռնատարները, ինչպես հիմա անում են եվրոպական և ռուսական փոխադրողները։
«Հայկական բեռնատարները կգան Վերին Լարս, կվերամիավորվեն և կվերադառնան Հայաստան»,- պարզաբանել է ՌԴ փոխվարչապետը։
Նա ուշադրություն է հրավիրել ապրանքների հավաստագրման նոր հայկական կանոնների վրա։ Ըստ պաշտոնյայի՝ երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարզեցումը մրցակցություն կստեղծի տեղական արտադրողների համար և կստիպի ԵԱՏՄ-ին խստացնել սահմանին վերահսկողությունը, ինչը կբարդացնի հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Օվերչուկի խոսքով՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ի ուղղությամբ գնալու պատճառով ռուսական բիզնեսն ավելի զգույշ է դարձել. 2024 թվականին առևտրաշրջանառությունը նվազել է 2 միլիարդ դոլարով, իսկ 2025 թվականին կորուստները կարող են հասնել 6 միլիարդ դոլարի։
«26 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրի համար սա նշանակում է 23% կորուստ։ Եվ սա միայն ռուսական բիզնեսի արձագանքն է հայկական քննարկմանը»,- նշել է փոխվարչապետը։
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ առաջին քննարկումներն սկսվել էին, երբ 2024 թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու առաջարկին: 2024 թվականի հուլիսի 1-ին «Հայկական ժողովրդավարության ֆորումի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ նպատակային էր անվանել ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը։
2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ անդամակցության հայտի հանրաքվեի վերաբերյալ՝ հետևելով «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնող խմբի առաջարկին, որը հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ հանրաքվեի համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել է 60 հազար ստորագրություն։
Ազգային ժողովը մարտի 26-ին ամբողջությամբ ընդունել էր ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին օրինագիծը: Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։