Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ռոսատոմն ունի եզակի հմտություններ, ներառյալ՝ լողացող, արդեն գործող համապատասխան կայանն ու դրանց շահագործումը»,- ասել է դեսպանը:
Խոսելով գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման մասին՝ Կոպիրկինը նշել է, որ աշխատանքներն իրականացվում են ռուս մասնագետների հետ սերտ համագործակցությամբ։ Մոդեռնիզացված բլոկի շահագործման ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականը, սակայն քննարկվում է այն մինչև 2036 թվականը երկարացնելու հնարավորությունը։
Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հայտնել է, որ գործող էներգաբլոկն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30-40%-ը, իսկ նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում սպասվում է հաջորդ տարում։ ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը հավելել է, որ նոր բլոկի շահագործման դեպքում գործող բլոկը կդադարեցվի հովացման ջրի հետ կապված հարցերի պատճառով։
2023 թվականի մայիսին Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը միաժամանակ ակտիվ բանակցություններ է վարում մի քանի գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի, երկրի նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման շուրջ։
Հայաստանում գործում է մեկ ԱԷԿ, որը գտնվում է Մեծամորի մոտակայքում։ Այն ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցված են սեյսմակայուն ВВЭР-440 տիպի ռեակտորների հիման վրա։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման էր հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ ԱԷԿ-ը դադարեցրել էր իր աշխատանքը 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել էր 1995 թվականի նոյեմբերին՝ հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ 2021 թվականին «Ռոսատոմի» աջակցությամբ ավարտվել էր դրա արդիականացումը։