ՀՀ կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն տվեց անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցելու ծրագիրը 2025-ի ապրիլ և մայիս ամիսներին շարունակելու նախագծին։
Ծրագրի շարունակության՝ քաղաքացիների վարկերի մարումն ապահովելու նպատակով ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներից և պետական տուրքերից կհատկացվի 209 մլն դրամ: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ աջակցությունը տրամադրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, ինչն էլ ուղղվում է անհուսալի վարկը մարելուն։
Ստեփանյանը հավելել է, որ փետրվարին մեկնարկած ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ 3594 քաղաքացու դիմում է բավարարվել։
«Միայն փետրվար ամսում ներկայացրած դիմումներով շահառու է ճանաչվել 1896 անձ։ Մարտ ամսում աջակցություն ստացած 1896 շահառուի վարկային պարտավորությունները նաև ապրիլ և մայիս ամիսների համար մարելու նպատակով անհրաժեշտ գումարի չափը կազմում է 141 250 000 հազար դրամ։ Իսկ մարտ ամսվա ընթացքում դիմումներով շահառու է ճանաչվել 1072 անձ, որոնց միջոցառման շրջանակներում աջակցություն պետք է տրամադրվի ապրիլ ամսից»,- ասելէ փոխնախարարը։
Սոցապնախարարության տվյալներով՝ ապրիլ ամսվա ընթացքում շուրջ 1500 անձ կդառնա միջոցառման շահառու, որոնց անհուսալի վարկերը մարելու գործընթացը կիրականացվի մայիս ամսից:
Ծրագիրը մեկնարկել էր փետրվարի 1-ից։ Փետրվարի 12-ի տվյալներով՝ ծրագրից օգտվելու դիմումները գերազանցել էին 1000-ը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել էր, որ զինծառայողները կընդգրկվեն անհուսալի վարկերի աջակցության ծրագրում։