Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ճանաչվել է «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» և «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»՝ ըստ Global Banking & Finance Awards ամսագրի, հայտնում է AMX-ի մամուլի ծառայությունը։
««Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում» մրցանակը հաստատում է AMX-ի կայուն գործունեությունը, ներդրողների վստահությունը և կապիտալի շուկայի հասանելիության բարելավմանն ուղղված քայլերը, մինչդեռ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա» կոչումը շեշտադրում է AMX-ի զարգացման դինամիկան, նոր ֆինանսական գործիքների ներդրումը բորսայում և այդպիսով լայն հնարավորությունների ընձեռումը ներդրողներին և թողարկողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 2024 թվականին AMX-ի ընդհանուր շուկայական արժեքը հասել է 4.1 տրիլիոն ՀՀ դրամի, իսկ բոլոր շուկաներում արձանագրվել է առևտրի ծավալների և կնքված գործարքների թվի աճ։
Global Banking & Finance Review-ը Մեծ Բրիտանիայում հիմնադրված հեղինակավոր օնլայն և տպագիր ամսագիր է, որը տրամադրում է անկախ վերլուծություններ ֆինանսական ոլորտի արդի թեմաների վերաբերյալ։ Հաղթողների ընտրությունն իրականացվում է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև Global Banking & Finance Review-ի խմբագրական խորհրդի և ղեկավարների կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա։