Վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանում միջին ամսական աշխատավարձն աճել է 66%-ով, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նա ընդգծել է, որ 2018 թվականին այս ցուցանիշը կազմել է 172 700 դրամ, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 287 000 դրամ։ Միաժամանակ, միջին եկամտահարկը 2018-ի 25,3%-ից նվազել է՝ 2024-ին հասնելով 20%-ի, այսինքն՝ հարկերը նվազել են 5,3%-ով, հավելել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ 2013-2018 թվականներին միջին աշխատավարձը հանրապետությունում աճել է ընդամենը 26 200 դրամով, մինչդեռ 2018-2024 թվականներին՝ 114 500 դրամով։
2024 թվականի հունվարին Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանում միջին աշխատավարձը մեկ տարվա ընթացքում աճել է 10,6%-ով և կազմել 293 000 դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում 2018ի- դեկտեմբերի համեմատ ստեղծվել է 189 000 նոր աշխատատեղ։
2023 թվականի դեկտեմբերին Armenia Today-ը հարցում էր անցկացրել երևանցիների շրջանում՝ պարզելու, թե արդյոք նրանք բավարար չափո՞վ են վաստակում հիմնական կարիքները հոգալու համար և արդյոք նրանց աշխատավարձը համապատասխանո՞ւմ է ամսական ծախսերին։ Հարցվածների մեծ մասը խոստովանել էր, որ դժվարությամբ է գումար վաստակում և բավարար գումար չունի առօրյա կարիքների համար: