Հայաստանի իշխանությունները երկարաձգել են եկամտահարկի հայտարարագրի ներկայացման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2025 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսն էր։ Սակայն նույնականացման քարտեր ստանալու հերթերի պատճառով, առանց որոնց հնարավոր չէ եկամտահարկի հայտարարագիր լրացնել, որոշում է կայացվել հետաձգել ժամկետը, պարզաբանել է Փաշինյանը։
«Բոլորս վերջին պահին, որ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու։ Դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերն էլ կգա։ Բա այդ դեպքում ի՞նչ ենք անելու»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ եթե քաղաքացին պատշաճ կերպով դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, վճարումը կատարել է և կառավարության, ծանրաբեռնվածության պատճառով ID քարտը չի ստացել, այդ ժամկետներն իր համար կասեցվում են։ «Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և իր հետ կապված խնդիր չկա։ Երբ որ ինքը ID քարտն ստանա, ենթադրենք 2026 թվականի հունվարին և ասի, որ ժամկետը բաց թողեցի և սոցիալական կրեդիտը չեմ կարողանալու հետ ստանալ, մենք իր համար այդ հնարավորությունը կպահենք, որպեսզի երբ ID քարտը հանի, համընդհանուր հայտարարագիրը լրացնի 2024 և 2025 թվականների համար և տեղում 100 հազար դրամի փոխարեն, եթե այդ ծախսը կա, եկամտահարկը վճարած է, ստանա և 2024 թվականի, և 2025 թվականի սոցիալական կրեդիտը»,- մանրամասնել է կառավարության ղեկավարը։
Հայաստանում 2023 թվականին ներդրվել էր եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ 2025 թվականին 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն այն նոր խմբերը, որոնք 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող, ինչպես նաև 2024-ի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ։
2024 թվականի համար ֆիզիկական անձինք եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Նախքան հայտարարագիր ներկայացնելն, առաջին հերթին, պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ։
Մանրամասները՝ տեսանյութում։