ՀՀ կառավարությունը 6 ամսով արգելք է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրա, համապատասխան որոշումն ընդունել է ՀՀ կառավարությունը: Որոշումը բացատրում են ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության նպատակով:
Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ. 2019 թ.-ին՝ 2668 տոննա, 2020 թ.-ին՝ 2345 տոննա, 2021 թ.-ին՝ 5348 տոննա, 2022 թ.-ին՝ 4700 տոննա: Դա հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում: Վեց ամիս ժամկետով արգելք է սահմանվել՝ համապատասխան ծածկագրերին դասվող ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ:
Արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։
Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ձկնորսությամբ զբաղվող բնակիչներ դեկտեմբերի 15-ին Գագարին գյուղի մոտ փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը։ Նրանք բողոքում էին նոյեմբերի 26-ից հունվարի 20-ը (սիգի ձվադրման շրջան) ձկնորսությունն արգելելու մասին բնապահպանության նախարարության որոշման դեմ։