Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է երկրում «Սբերբանկ»-ի Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) ներդրման շուրջ ընթացող քննարկումը: Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան ասաց ԿԲ մամուլի խոսնակ Արմինե Յարալովան:
Նրա խոսքով՝ ոչ միայն Կենտրոնական բանկը, այլ նաև հայկական որևէ բանկ չի քննարկում այդ համակարգի կիրառումը:
«Հայաստանյան բանկերին արված մեր հարցման արդյունքում պարզեցինք, որ որևէ հայկական բանկ չի ստացել, չի քննարկում որևէ առաջարկ ու չի կիրառում «Սբերբանկ»-ի Արագ վճարային համակարգը»,- ասաց ԿԲ խոսնակը:
ԿԲ-ից խոստացան պատասխանել մեր մեկ այլ հարցման, թե արդյոք Ռուսաստանի Կենտրոնական բանկից նման համակարգի ներդրման մասին քննարկում կա, ինչի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Ավելի վաղ Armenia Today-ը, վկայակոչելով «Известия» պարբերականի հրապարակումը, հայտնել էր, որ Արագ վճարումների համակարգի (ԱՎՀ) ծառայությունը, որի միջոցով իրականացվում են փոխանցումներ և վճարումներ, կարող է կիրառվել Հայաստանում:
Հստակեցվում էր, որ այս պահին բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ղազախստանի հետ, որոնք նախնական փուլում են, միևնույն ժամանակ մշակվում են ԵԱՏՄ այլ երկրներ տրանսֆերտների տարբերակներ։ Ռուսաստանի Կենտրոնական բանկից լրատվականին հայտնել էին, որ նախագիծը նախատեսվում է գործարկել 2022 թվականի վերջին։
«Սբերբանկ»ի Արագ վճարման համակարգը ծառայություն է, որը թույլ է տալիս դեբետային քարտից կամ հաշվից ամսական ակնթարթորեն փոխանցել մինչև 100 000 ռուբլի գումար (մոտավորապես 650 000 ՀՀ դրամ)՝ առանց միջնորդավճարի: