Աշխարհահռչակ վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը նշանակվել է Լոս Անջելեսի օպերայի երաժշտական ղեկավար, տեղեկանում ենք օպերայի էջից:
Հինդոյանն իր հնգամյա պարտականությունները կստանձնի 2026 թվականի հուլիսի 1-ին՝ փոխարինելով երկարամյա երաժշտական տնօրեն Ջեյմս Քոնլոնին։
Հինդոյանը Լոս Անջելեսի օպերայում իր նորամուտը նշել է 2024 թվականին «Ռոմեո և Ջուլիետ»-ով՝ մեծ գովասանքի արժանանալով իր արտահայտիչ ոճի և նվագախմբի ու հանդիսատեսի հետ սերտ փոխըմբռնման համար:
45-ամյա Հինդոյանը Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է և ղեկավարել է ելույթներ Մետրոպոլիտեն օպերայում, Վիեննայի պետական օպերայում, Փարիզի օպերայում, Չիկագոյի քնարական օպերայում, ինչպես նաև առաջատար սիմֆոնիկ նվագախմբերում, այդ թվում՝ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբում, Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբում և Քլիվլենդի նվագախմբում:
LA Opera-ի ղեկավարությունը Հինդոյանի արտիստական խորությունը, միջազգային փորձն ու գրավիչ ներկայությունն անվանել է որոշման կայացման առանցքային գործոններ:
«Հուզված եմ և ինձ համար մեծ պատիվ է հայտնել, որ նշանակվել եմ LA Opera-ի հաջորդ երաժշտական տնօրեն՝ սկսած 2026/27 թվականից։ Այս հիանալի թատերախումբն առաջարկում է ոգեշնչող հարթակ ստեղծագործական որոնումների համար: Անհամբեր սպասում եմ համարձակ ռեպերտուարի ներկայացմանը և մտադիր եմ առաջիկա տարիներին խորացնել երկխոսությունը ավանդույթի և նորարարության միջև»,- ասել է Հինդոյանը։
Հինդոյանը ծնվել է Վենեսուելայի Կարակաս քաղաքում։ Նա վենեսուելացի ջութակահար, Վենեսուելայի սիմֆոնիկ նվագախմբի նախկին նախագահ Դոմինգո Գարսիայի և հալեպահայ Վիկի Հինդոյանի որդին է, ով Վենեսուելայի Ազգային խորհրդարանի իրավական հարցերով փորձագետն է: