Կոլումբիայի համալսարանի հոգաբարձուները հայտարարել են Պուլիցերյան 109-րդ մրցանակի դափնեկիրներին, տեղեկանում ենք մրցանաբաշխության կայքից։
Այս տարի The New York Times-ը մրցանակների թվով առաջատար էր՝ արժանանալով չորս մրցանակի, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի լուսանկարների և Սուդանի հակամարտության լուսաբանման համար:
Ամենահեղինակավոր՝ հասարակությանը ծառայելու մրցանակը երկրորդ տարին անընդմեջ շահել է ProPublica ոչ կոմերցիոն նախագիծը։
Լրագրողներ Կավիտա Սուրանան, Լիզի Պրեսերը, Կասանդրա Հարամիլոն և Սթեյսի Կրանիցը մրցանակի են արժանացել մի շարք նահանգներում հղիության արհեստական ընդհատման սահմանափակումների պատճառով հղի կանանց մահերի հետաքննության համար:
The New Yorker ամսագիրն արժանացել է երեք մրցանակի, այդ թվում՝ Գազայի պատերազմի մասին պաղեստինցի գրող Մոսաբ Աբու Տոհի էսսեի եւ Իրաքում ռազմական հանցագործությունների մասին In the Dark փոդքասթի համար:
Լավագույն ռեպորտաժային լուսանկար մրցանակին արժանացել է Դուգ Միլսը (The New York Times)՝ Թրամփի դեմ մահափորձի լուսանկարի համար։ Նա փամփուշտը ֆիքսել էր օդում:
The Washington Post-ն ընդգծվել է Թրամփի դեմ մահափորձն օպերատիվ լուսաբանելու, Իսկ Reuters-ը՝ ֆենտանիլի համաշխարհային առևտրի վերաբերյալ հետաքննության համար:
Գրական անվանակարգերում մրցանակի են արժանացել Պերսիվալ Էվերետի «Ջեյմս» վեպը («Հեքլբերի Ֆինի» վերաիմաստավորումը) և Բրանդեն Ջեյքոբս-Ջենքինսի «Նպատակը» պիեսը քաղաքացիական իրավունքների շարժման ժառանգության մասին:
«Երաժշտություն» անվանակարգում հաղթել է Սյուզի Իբարան՝ ֆիլիպինյան ծագումով ամերիկացի թմբկահարուհի և կոմպոզիտոր, որը հայտնի է ջազի, էթնիկ երաժշտության և փորձարարական ձայնի իր նորարարական աշխատանքներով: Նա մրցանակ է ստացել Sky Islands ստեղծագործության համար, որը նվիրված է կենսաբազմազանությանը և էկոհամակարգերին։
Հատուկ մրցանակ է հետմահու շնորհվել Չակ Սթոունին ՝ լրագրության և քաղաքացիական իրավունքների շարժման լուսաբանման գործում ունեցած ավանդի համար:
Պուլիցերյան մրցանակը լրագրության, գրականության և երաժշտական կոմպոզիցիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։ Հիմնադրվել է 1917 թվականին թերթի մագնատ Ջոզեֆ Պուլիցերի կտակի համաձայն։ Շնորհվում է ամեն տարի Կոլումբիայի համալսարանի (Նյու Յորք) կողմից: Ներառում է 22 անվանակարգ, որոնց թվում հատուկ կարգավիճակ ունի «Հասարակությանը ծառայելու» մրցանակը։
Տարբեր ժամանակներում դափնեկիրներ են դարձել Էռնեստ Հեմինգուեյը, Մարտին Լյութեր Քինգը, Մարգարեթ Միտչելը և ուրիշներ: Ընտրության չափանիշները համատեղում են մասնագիտական հմտությունը, սոցիալական նշանակությունը և էթիկական չափանիշները:
Հայազգի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը 1940 թվականին «Լավագույն դրամա» անվանակարգում արժանացել էր Պուլիցերյան մրցանակի՝ «Քո կյանքի ժամանակը» ֆիլմի համար, որից, սակայն, նա հրաժարվել էր։